ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ-ի մասին

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ) ստեղծվել է ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 12-ի 1530-Ն որոշման համաձայն և իր մեջ ներառում է հետևյալ գիտահետազոտական հիմնարկները՝
– Ա. Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1955 թ.),
– Օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1957 թ.),
– Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը (հիմնադրվել է 1994 թ.):
Այժմ կենտրոնում աշխատում է 254 մարդ, այդ թվում՝ 181 գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ 2 թղթ.անդամ, 15 գիտությունների դոկտոր և 69 թեկնածու:
Անցած տասը տարիների (2015-2024 թթ.) ընթացքում Կենտրոնի աշխատակիցների կողմից հրատարակվել է շուրջ 1300 գիտական հոդված, հանրապետական և միջազգային գիտաժողովների թեզիս, ստացվել է ՀՀ և միջազգային 15 արտոնագիր։ Այդ նույն ժամանակահատվածում պաշտպանվել է 6 դոկտորական և 25 թեկնածուական ատենախոսություն:
Կենտրոնի կողմից հրատարակվել են՝
– «Օրգանական և դեղագործական քիմիայի որոշ նվաճումներ» գիտական աշխատանքների ժողովածուի՝
• 2-րդ (2015 թ.),
• 3-րդ (2017 թ.),
• 4-րդ (2023 թ.) պրակները,
– «Հետերոցիկլիկ միացությունների սինթեզներ» ժողովածուի՝
• 18-րդ (2016 թ.),
• 19-րդ (2020 թ.),
• 20-րդ (2024 թ.) պրակները:
Կենտրոնը, Հայկական քիմիական ընկերության, ՀՀ ԳԱԱ-ի, ԵՊՀ-ի և այլ կազմակերպությունների հետ համատեղ, կազմակերպել է միջազգային մասնակցությամբ գիտաժողովներ՝
– «Հիմնարար և կիրառական քիմիայի արդի խնդիրներ» (2017 թ.),
– «XXI-րդ դարի մարտահրավերները» (2019 թ.),
– «Քիմիան Հայաստանում» (2022 թ.),
– «Նոր զարգացող միտումներ քիմիայում» (2023 թ.):
Կենտրոնում գործում է ՀՀ ԲԿԳԿ-ի Քիմիայի 010 Մասնագիտական խորհուրդը՝ հետևյալ մասնագիտությունների գծով քիմիական գիտությունների դոկտորի և թեկնածուի գիտական աստիճաններ շնորհելու իրավասությամբ՝
– Բ.00.03 – «Օրգանական քիմիա»,
– Բ.00.10 – «Կենսօրգանական քիմիա»,
– Բ.00.06 – «Բարձրամոլեկուլային միացություններ»:

