Հոգեմետ միացությունների սինթեզի լաբորատորիա
(Լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Երվանդ ԳառնիկիՊարոնիկյան):
ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ «Հոգեմետ միացությունների սինթեզի» (ՆՕՔԻ թիվ 6) լաբորատորիան ստեղծվել է 1981 թվականին: Հիմնադրման օրվանից մինչ կյանքի ավարտը (2015 թ.) լաբորատորիան ղեկավարում էր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա թղթակից անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Սողոմոնի Նորավյանը:
Նորավյանը ստեղծեց նոր գիտական ուղղություն հետերոցիկլիկ միացությունների քիմիայի ոլորտում, առաջ քաշեց նոր տեսակի հանգստացնող միջոցների ստեղծման հայեցակարգը: Նրա ղեկավարությամբ լաբորատորիայում ազոտ, ծծումբ և թթվածին պարունակող վեցանդամանի հագեցած հետերոցիկլերի հիման վրա սինթեզվել են համակցված երկ-, տրի-, տետր-, պենտացիկլիկ հետերոցիկլեր։
2015 թվականից առ այսօր լաբորատորիան ղեկավարում է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ե.Գ.Պարոնիկյանը:
Լաբորատորիայում մշակել են ավելի քան 150 նոր հետերոցիկլիկ միացությունների սինթեզի մեթոդներ․ թիոֆեններ, ֆուրաններ, պիրոլներ, թիոպիրաններ, պիրիդիններ, թիենո(պիրրոլո, ֆուրո)[2,3-d]պիրիմիդիններ, պիրիդո[2,3-d]թիենո(ֆուրո)[3,2-d]պիրիմիդիններ և այլն, կոնդենսված պիրանի, թիոպիրանի, պիպերիդինի, ցիկլոհեքսանի և ցիկլոպենտանի հետ: Մանրամասն ուսումնասիրվել է Գևալդի ռեակցիայի մեխանիզմը, Դիմրոտի վերախմբավորումը տրիազոլոպիրիմիդիններում և տրիազոլոպիրիդիններում: Ուսումնասիրվել են թիոպիրանի օղակի բացման ընդհանուր օրինաչափությունները տարբեր ամինների ազդեցությամբ: Հետերոցիկլիկ միացությունների քիմիայի զարգացման մեջ մեծ ներդրում են հայտնաբերված նոր վերախմբավորումները, որոնք հանգեցնում են համակցված պիրիդինների առաջացմանը և 2,7-նաֆթիրիդինների շարքում նոր հետաքրքիր վերախմբավորմանը: Մանրամասն ուսումնասիրվել են Սմայլսի վերախմբավորումների տիպի վերախմբավորումների մեխանիզմները։
Ստացված նյութերի կառուցվածքի և կենսաբանական ակտիվության միջև կապի բացահայտման նպատակով համակցման ժամանակ իրականացվել են տարբեր հետերոցիկլերի դիրքերի բազմաբնույթ փոփոխություն, ինչը հնարավորություն է տվել ստանալ մի շարք նոր արդյունավետ կենսաբանորեն ակտիվ միացություններ` հակացնցումային, հանգստացնող, հակաուռուցքային, սիրտոտոնիկ, հակահիպօքսիկ և այլ հատկություններով օժտված։
Լաբորատորիայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ստեղծվել են դեղեր. տոֆլուրազին (ուղեղի շրջանառության կարգավորիչ), պիրատիդին (նոր սերնդի հանգստացնող միջոց) և թիմորիդին (հակահիպոքսանտ), ինչպես նաև պաշտպանական նշանակության մի շարք դեղամիջոցներ:
Հիմնադրման օրվանից մինչ օրս լաբորատորիայի աշխատակիցները համագործակցում են Հունգարիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Իտալիայի, Վրաստանի և այլ երկրների գիտական կազմակերպությունների հետ: Համատեղ հետազոտությունների արդյունքները նոր հեռանկարներ են բացում հետերոցիկլիկ քիմիայի զարգացման և նոր դեղամիջոցների որոնման համար:
Լաբորատորիայի ուսումնասիրությունները հրապարակվել են արտերկրում բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, ձեռք են բերվել հեղինակային իրավունքի բազմաթիվ վկայագրեր և արտոնագրեր: Աշխատությունները ներկայացվել են Ռուսաստանում և այլ երկրներում անցկացվող գիտաժողովների և սիմպոզիումների ժամանակ: Լաբորատորիայի աշխատակիցները՝ Ա. Ս. Նորավյանը, Ե. Գ. Պարոնիկյանը, Ս. Ն. Սիրականյանը, Ա. Պ. Մկրտչյանը, Ա. Շ. Հովհաննիսյանը, Վ. Վ. Դաբաևան, Մ. Ռ. Բաղդասարյանը, Շ. Ֆ. Հակոբյանը, Ա. Ա. Հարությունյանը, Ա. Ա. Հովակիմյանը, Շ. Շ. Դաշյանը, Է. Կ. Հակոբյանը, ակտիվ մասնակցություն են ունեցել, ստացել մրցանակներ և պատվոգրեր լավագույն զեկույցների համար, ինչպես նաև կրծքանշաններ՝ հետերոցիկլիկ միացությունների քիմիայի զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Լաբորատորիայի աշխատակիցները պարբերաբար դրամաշնորհներ են ստացել ISTC; ANSEF; EIF, ԳԿ ԿԳՄՍՆ (Հայաստանի Հանրապետություն) և ՀՀՌՀ (Ռուսաստան):
Լաբորատորիայի աշխատակիցներ Ս. Ն. Սիրականյանը և Ա. Ա. Հովակիմյանը 2018 թ.-ին հոդվածների շարքի համար արժանացել են ՀՀ Նախագահի մրցանակի:
Լաբորատորիայում պաշտպանել են 18 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսություններ: Լաբորատորիայի աշխատակիցները բարձր որակավորում ունեցող գիտնականներ են, ովքեր հաջողությամբ աշխատում են ինչպես ՕԴՔԳՏԿ-ում, այնպես էլ արտասահմանի գիտահետազոտական ինստիտուտներում:
Ուղղվածությունը
Լաբորատորիայում կատարվում են հետազոտություններ հոգեմետ դեղամիջոցների ստեղծման ուղղությամբ: Մշակվել են ազոտ-, ծծումբ- և թթվածին պարունակող հարյուրից ավելի նոր հետերոցիկլիկ համակարգերի ֆունկցիոնալ ածանցյալների սինթեզի մեթոդներ, հայտնաբերվել են նոր վերախմբավորումներ: Ուսումնասիրվել է կապը սինթեզված միացությունների կառուցվածքի և կենսաբանական ակտիվության միջև, ինչը հնարավորություն է տվել ստեղծել մի շարք պոտենցիալ դեղամիջոցներ