ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն

ՄԿՈՒԿ-ի տնօրեն

Սուրեն Սերգեյի Մամյան

Քիմիական գիտությունների թեկնածու

Հեռ.՝ (+37410)-282-267,
Էլ-փոստ՝ suren.mamyan@gmail.com

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը հիմնադրվել է 1994 թ.

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը ուսումնասիրություններ է իրականացնում երկու ուղղություններով`
- կենսաբանորեն ակտիվ միացությունների սպեկտրալ և կառուցվածքային ուսումնասիրություն,
- կառուցվածքային և սպեկտրալ եղանակների (միջուկա-մագնիսական ռեզոնանս, օպտիկական սպեկտրոսկոպիա և ռենտգեն-կառուցվածքային անալիզ) գործիքային և մեթոդոլոգիական եղանակների զարգացում:
Ռենգենկառուցվածքային լաբորատորիայի հետազոտություններում զգալիորեն բարձրացել է ցածրջերմաստիճանային դիֆրակցիոն փորձերի հավաստիությունը և ճշտգրտությունը: Մշակվել են եղանակներ և ծրագրային ապահովում ցանկացած տեսքի բյուրեղներում ռենտգենյան ճառագայթների դինամիկ ցրման և կլանման ճշգրտումների հաշվարկի համար: Մշակված եղանակների կիրառումը CMR մանգանիտների կառուցվածքի ուսումնասիրման ժամանակ թույլ տվեց հայտնաբերել թույլ արտահայտված համահարաբերակցություն կառուցվածքային չափորոշիչների և մագնիսական ֆազային անցումների միջև:
Հետազոտվել են նաև 2-արիլ և հետերոպրոլինների նոր ածանցյալների կառուցվածքային և կոնֆորմացիոն առանձնահատկությունները: Այդ հետազոտությունների և QSAR ուսումնասիրությունների հիման վրա որոշ միացությունների համար հայտնաբերվել է բարձր ակտիվություն HIV-1 հակադարձ տրանսկրիպտազա էնզիմի և թոքախտի (MYCOBACTERIUM TUBERCULOSIS) բակտերիայի նկտմամաբ:
Օպտիկական սպեկտրոսկոպիայի լաբորատորիայում նախկինում հայտնբերված երկաթպորֆիրինների նիտրոկոմպլեքսների և սուլֆիդների փոխազդեցության արդյունքում առաջին անգամ ստացվել են տրանս սուլֆիդային խմբով 6-կոորդինացված նիտրո-կոմպլեքսներ, որոնք սուլֆիդների գոլորշիների առկայության դեպքում կայուն են սենյակային ջերմաստիճաններում: Այդ համակարգերում հայտնաբերվել է ատոմար թթվածնի փոխանցման ռեակցիա նիտրո խմբից դեպի սուլֆիդ, որը բերում է համապատասխան սուլֆօքսիդների և նիտրոզիլ-երկաթ պորֆիրինների առաջացման: Համակարգը մոդելավորում է այն հեմապրոտեինները, որոնցում երկաթի իոնը կոորդինացված է մեթիոնինային ամինաթթվական մնացորդի հետ:
Միջուկային մագնիսական ռեզոնանսի լաբորատորիայում ցույց է տրվել միջավայրի դիէլեկտիկական թափանցելիության, ինչպես նաև մոլեկուլներում էլեկտրական դաշտերի մեծությունների որոշման հնարավորությունը մեկ կապով բաժանված միջուկների սպին-սպինային փոխազդեցության հաստատունների (ՍՍՓՀ) հիման վրա: Կատարելագործվել է մոլեկուլների եռաչափ կառուցվածքի որոշման ալգորիթմը, որում հաշվի է առնվում ՍՍՓՀ տարբերությունը համասեռ և հեղուկ վիճակներում: Դրա արդյունքում մեկ կարգով բարձրացել է մոլեկուլների կառուցվածքային չափորոշիչների որոշման ճշտությունը:


Հիմնական գիտական ուղղությունը.

1. Օրգանական միացությունների կառուցվածքի որոշում տարբեր ֆիզիկաքիմիական մեթոդներով, ֆիզիկական հատկություն-կառուցվածք կապի ուսումնասիրություն, կառուցվածքային փուլային անցումների հետազոտություններ, կենսամիմետիկ փոխազդեցություններ և փոխարկումներ մետաղապորֆիրինների կոորդինացիոն ոլորտում:


Հիմնական գիտական նվաճումներ.

1. Պարզաբանված են ազոտի օքսիդի կենսաբանական կարևոր նշանակություն ունեցող ռեակցիաների մեխանիզմները թթվածին կապող տարբեր մետաղապորֆիրինների հետ;
2. Հայտնաբերվել և բացատրվել է արծաթ-պորֆիրինների ռենտգենյան ճառագայթներով խթանված վերաբյուրեղացման երևույթը;
3. Առաջին անգամ ցույց է տրվել, որ ՄՄՌ սպեկտրից կարելի է որոշել տարբեր լուծույթների դիէլեկտրիկական թափանցելիության հաստատունը և գնահատել մոլեկուլներում ատոմների կամ քիմիական խմբերի մոտ առկա էլեկտրական դաշտերի մեծությունները:


Ներառում է 3 լաբորատորիաներ՝

  1. Ռենտգեն հետազոտությունների և մասս. սպեկտր. լաբորատորիա, վարիչ՝ ֆիզ.մաթ.գիտ.թեկ. Թամազյան Ռաֆաել Արշամի;
  2. Օպտիկական սպեկտրոսկոպիայի լաբորատորիա, վարիչ՝ քիմ.գիտ.դոկտոր, պրոֆ. Կուրտիկայն Տիգրան Ստեփանի;
  3. ՄՄՌ մագնիսա-ռեզոնանսային սպեկտրոսկոպիայի լաբորատորիա, վարիչ՝ քիմ.գիտ.թեկ. Փանոսյան Հենրիկ Աղավարդի: